Աշոցք խոշորացված համայնքում շարունակում են բացահայտել հապճեպ իրականացված ծրագրի թերություններըԱշոցքի բնակիչները խոշորացման ծրագիրը համեմատում են մեկ երեխա ունեցող ընտանիքի հետ, որտեղ, օրերից մի օր, առանց մյուսների կարծիքը հաշվի առնելու, հայտնվում է եւս 10 երեխա: Բնականաբար, տան ավագը մղվում է երկրորդ պլան՝ մնացած տասի հոգսերը հոգալու հետ կապված: Ի հայտ են գալիս չնախատեսված բազմաթիվ անհարմարություններ՝ կազմակերպչական, ֆինանսական եւ այլն: Համեմատությունը Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Ապրեյանի ժպիտն է հարուցում: Ասում է, թե ինչ-որ առումով համամիտ է, քանի որ ներկայում իրենք ավելի շատ զբաղված են փնջում ընդգրկված գյուղերի հիմնախնդիրներով եւ Աշոցքը հայտնվել է «անտեսված» զավակի կարգավիճակում:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Աշոցքի նախկին տարածաշրջանում 2016թ. հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձեւավորվեց երկու փունջ՝ Աշոցք (11 գյուղ) եւ Սարապատ (15 գյուղ) կենտրոններով: Խոշորացման գործընթացից առաջ նշված համայնքներում հանրաքվե կամ հանրային լսումներ բնակիչների շրջանում չանցկացվեց, հանգամանք, որը մինչեւ օրս էլ դժգոհության տեղիք է տալիս բնակչության շրջանում: Փաստն արձանագրել են «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» հկ-ի ներկայացուցիչներըխոշորացումից հետո Աշոցքում կատարած ուսումնասիրությունների արդյունքում:Աշոցքի համայնքային գրադարանի տնօրեն Աստղիկ Պողոսյանի կարծիքով` բնակավայրերի խոշորացումն այսպիսի մեծ մասշտաբով ճիշտ չէր: Նրա համոզմամբ` պետք է հաշվի առնվեին յուրաքանչյուր գյուղին բնորոշ սովորույթներն ու մարդկանց բնավորությունը, եւ ամենակարեւորը՝ բնակիչների կարծիքը: «Իրական արդյունքները տեսնելու համար, կարծում եմ, դեռ երկար ժամանակ պետք է անցնի,-ասում է Աստղիկ Պողոսյանը,-որքան որ ես եմ հասկանում, առաջնահերթ են դարձել միացված փոքր գյուղերի պրոբլեմները: Իսկ դա նշանակում է, որ Աշոցքն ինչ-որ ժամանակ մղվելու է հետին պլան: Մեր վիճակը 2014թ.-ից սկսել էր քիչ-քիչ լավանալ, ծրագրեր էին համայնք մտնում, հիմա, ոնց հասկանում եմ, բյուջեի գումարները առաջնահերթ կծախսվեն մյուս համայնքների խնդիրների լուծման վրա»:Աստղիկ Պողոսյանին անհանգստացնում է նաեւ 10 բնակավայրի գրադարանային ֆոնդը: Գյուղապետարանների աշխատակազմերի լուծարման հետեւանքով կրճատվել են նաեւ գրադարանավարուհիների հաստիքները: «Ընդունում-հանձնում եղել է, բայց գրադարանները մնացել են տեղում, չէինք կարող ֆոնդը տեղափոխել, դա կլիներ անթույլատրելի քայլ, բա էդ գյուղի երեխան հարկ եղած դեպքում որտեղի՞ց վերցնի իրեն հարկավոր գրականությունը: Հիմա ստացվում է, որ այդ գյուղերում բացի վարչական ղեկավարից պիտի գրադարանավարի պաշտոնն էլ վերականգնվի: Ահա այսպիսի խառնաշփոթ վիճակ, որ դեռ չգիտենք` ինչ լուծում կստանա»,-ասում է Աստղիկ Պողոսյանը:
Աշոցք խոշորացված համայնքի փոխղեկավար Կարեն Ապրեյանը գործընթացից հետո առաջացած խնդիրներից առայժ մի քանիսն է թվում՝ նկատելով, որ դեռ դրանց են բախվել, գուցե հետագայում էլի ավելանան: Առաջին խնդիրն առաջացել է բազաների (հարկային, գույքային, հողային) ընդունում-հանձնման ժամանակ: «Ընդունման-հանձնման գործընթացը տեւել է բավականին երկար, մոտավորապես երկու ամիս: Ի հայտ են եկել թերություններ, բացթողումներ բազաների միավորման ժամանակ, հիմա փորձում ենք այդ հարցը կարգավորել: Միավորման արդյունքում տեղի է ունեցել հաստիքների կրճատում, մյուս կողմից էլ` գյուղերում նշանակվել են վարչական ղեկավարներ, որոնց գործառույթները դեռ մինչեւ վերջ հստակեցված չեն: Աշոցքին միացված գյուղերից միայն Սարագյուղում է վարչական ղեկավար ընտրվել նախկին գյուղապետը, մյուս գյուղերում նոր կադրեր են, որոնք դեռ պիտի հմտանան իրենց գործառույթներում»,-ասում է Կարեն Ապրեյանը:
Գյուղերում վարչական ապարատը կրճատելուն զուգահեռ, Աշոցքում ձեւավորված նոր համայնքապետարանում աշխատանքների ծավալի մեծացմամբ պայմանավորված, նոր հաստիքների ավելացման պահանջ է դրվել: Փոխգյուղապետն ասում է, որ սպասարկման գրասենյակ պետք է հիմնեն: Նախնական քննարկումներում առաջարկվել է հինգ հաստիք, սակայն որոշել են բավարարվել երեք նոր աշխատակից ընդունելով: Աշոցք համայնքի բյուջեն մինչեւ խոշորացումը 63 մլն դրամ էր, որից 30 մլն դրամը պետական դոտացիան էր: Համայնքների միավորումից հետո բյուջեն կազմել է 187 մլն դրամ, որից 130 մլն դրամը պետական աջակցությունն է:
«Գումարների ավելացում տեղի չի ունեցել, ընդամենը դոտացիան է 5 մլն դրամով ավելացել: Խոշորացման ծրագրի առավելությունը մեր համար էն է, որ նոր գյուղտեխնիկա են տրամադրելու, նաեւ` աղբահան մեքենա, որ կարողանանք բոլոր համայնքներում աղբահանություն կատարել,-նշում է Կարեն Ապրեյանը,-առայժ դեռ ուսումնասիրությունների փուլում ենք, թե որ համայնքում առաջնահերթ ինչ ծրագիր ենք իրականացնելու»:
Առաջին ծրագիրն իրականացրել են Սարագյուղ բնակավայրում 2016թ. հոկտեմբերի վերջին. խոշորացումից անմիջապես հետո գիշերային լուսավորության ցանցի անցկացման կիսատ մնացած աշխատանքներն են ավարտել: Հաջորդիվ հիմնանորոգելու են Սիզավետ բնակավայրը Գյումրի-Բավրա միջպետական մայրուղուն կապող անբարեկարգ ճանապարհը: Կարեն Ապրեյանի փոխանցմամբ` զարգացման հնգամյա ծրագրում աշխատել են ընդգրկել բոլոր բնակավայրերի խնդիրներն առաջնահերթության կարգով:
«Որոշել ենք սկսել ամենահեռավոր գյուղից ու քիչ-քիչ աշխատանքներ անելով` հասնել մյուսներին: Իհարկե, Աշոցքն էս պահին մի փոքր տուժելու է, թեպետ իր խնդիրներն էլ քիչ չեն: Երկրաշարժից հետո Աշոցքում դեռեւս պահպանվում են մի քանի կիսաքանդ շենքեր, որոնք հույս ունեինք, որ պիտի ամրացվեն, բայց միայն մեկն ամրացվեց, իսկ մնացածները քանդման ենթակա են: Կան նաեւ վարչական շենքեր, որոնք տիրապետող կազմակերպությունները ոչ վերանորոգում են՝ ինչ-որ բանի ծառայեցնում, ոչ էլ հանձնում են համայնքին»,-բացատրում է զրուցակիցս:
Վթարային է «Հայփոստի» շենքը, որտեղ մարդիկ շարունակում են աշխատել: Նախընտրական շրջանում վարչապետի այցի ժամանակ բնակիչները հարցը բարձրացրել են, սակայն դրական որեւէ պատասխան չեն ստացել: Դատարանի նախկին շենքը եւս անտերության է մատնված: Համայնքապետարանը երկու անգամ նամակով դիմել է համապատասխան կառույցներին, սակայն պատասխան չեն ստացել: Աշոցքում կա բնակֆոնդի պակաս եւ բավական մեծ թվով բնակարանի կարիք ունեցող ընտանիքներ: Չօգտագործվող շինությունները համայնքին հանձնելու դեպքում հնարավոր է դրանք վերածել բնակելի տարածքների:
«2014թ. նոր դպրոցի կառուցումից հետո հին դպրոցն անցավ պետգույքի կառավարման վարչությանը: Քանի որ մենք ունեինք մի վթարային շենք, որտեղ 8 ընտանիք էր բնակվում, կառավարության որոշմամբ գումար հատկացվեց. դպրոցի մեկ մասնաշենքը որպես հանրակացարանային բնակարաններ վերակառուցվեցին, տրամադրվեցին այդ բնակիչներին: Մյուս մասնաշենքն էլ, էլի կառավարութան որոշմամբ, տրամադրվել է զինկոմիսարիատին, մյուս մասնաշենքերի համար համայնքը դիմել է պետգույքի կառավարման վարչություն, որ տան համայնքին վերակառուցելու եւ որպես բնակարաններ օգտագործելու: Առայժմ մեր դիմումները մերժված են»:
Եթե համայնքում պարապուրդի մատնված վարչական շենքերը վերածվեն բնակելիների, ապա հնարավոր կլինի 3-րդ տնակային թաղամասից 30 ընտանիքի բնակարանային հարց լուծել: Համայնքապետարանը պատրաստ է փնտրել նաեւ աջակից կազմակերպությունների՝ համաֆինանսավորմամբ ծրագրերն իրականացնելու համար:«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ-ի հեղինակած «Քաղաքացիական հասարակության հզորացում» թեմայով սեմինարի փորձագետ Գեւորգ Պետրոսյանն անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին՝ նկատում է, որ որեւէ համայնքի պատկանելը նախ եւ առաջ մարդու ներքին պահանջմունքը պետք է լինի: Արհեստական միավորումները վաղ թե ուշ ծնելու են պրոբլեմներ: «Մենք երբեք չենք փնտրում, թե ինչ ընդհանրություն կա մեր մտքերում, բայց տեսնում ենք այնտեղ եղած տարբերությունը: Զարգացման հիմքը պետք է լինի նույն ուղղությամբ նայելու ունակությունը, որեւէ խնդրի շուրջ նույն մտածողության ձեւավորումը: Ցանկացած պարագայում զարգացման հետ կապված առաջարկները պետք է հնչեն «տեղերից»՝ չսպասելով «վերեւների» առաջարկներին»,-ասում է Գեւորգ Պետրոսյանը:
Փորձագետն ասում է, որ ցանկացած ծրագիր որեւէ համայնքում իրականացնելուց առաջ դոնոր կազմակերպությունը նախ նայում է, թե ինչպես է տվյալ համայնքում ծախսվել բյուջեն, ինչ նպատակների համար: Եթե գյուղի ղեկավարը չի կարողացել ռացիոնալ տնօրինել հավաքագրած գումարները՝ փոշիացրել է, նույն կերպ կվարվի նաեւ դոնորից ստացած դրամաշնորհի հետ: Կարեւորվում են նաեւ բնակիչների պահանջկոտությունն ու հանրային գիտակցությունը: «Մարզում դրա վառ օրինակը կա,-ասում է Գեւորգ Պետրոսյանը,-կան համայնքներ, որտեղ արդեն 4-5 ծրագիր է իրականացվել եւ բոլորն էլ` միտված համայնքի զարգացմանը՝ Թորոսգյուղ, Բասեն, Ցողամարգ եւ այլն: Ընդամենը համայնքի կառավարմանը մասնակցելու ցանկություն պետք է ունենա բնակիչը»:
Աշոցք համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Ապրեյանը համայնքներում սպասվող փոփոխությունները կապում է ավագանու նորացված կազմի հետ: «Փոխվել է ավագանու կազմն ամբողջությամբ: Ավագանու 11 անդամ կա տարբեր համայնքներ ներկայացնող, եւ պիտի ասեմ, որ նախկինի պես չեն ընթանում նիստերը, հիմա շատ հետաքրքիր է անցնում՝ վեճ, բախումներ, ամեն հարցի հետ կապված երկար-բարակ քննարկումներ, ամեն մեկն ուզում է, որ առաջնահերթ իր գյուղի խնդիրը լուծվի, պայքարում են գումարն իրենց համայնք ուղղելու համար: Կարող եմ ասել, որ հավաքվել են մարդիկ, ովքեր շահագրգիռ են իրենց համայնքների զարգացման համար, մնում է, որ յուրաքանչյուր լավ ծրագրի համար կարողանանք գտնել համապատասխան գումար»,-ասում է Կարեն Ապրեյանը:
|